16-րդ դարից Արցախի իշխանները մելիք տիտղոսն էին կրում։ Մելիք բառացի նշանակում է թագավոր։ Հասկանալի է, որ նրանք թագավոր չէին, այլ գավառական կառավարիչներ։ Մելիքական պաշտոնը ժառանգական էր։ Մելիքին փոխարինում էր ավագ որդին,իսկ ժառանգ չունենալու դեպքում եղբայրը։ Սակայն ամեն մի նոր մելիք իր պաշտոնը կարող էր ստանալ միայն պարսից շահի հրովարտակից հետո։ Մելիքները պարտավոր էին ժամանակին վճարել պետական հարկերը, մելիքության սահմանները պաշտպանել արտաքին
հարձակումներից, պատերազմի ժամանակ իրենց զորքով ներկայանալ շահին։ Մնացած հարցերում նրանք ինքնուրույն էին։
Մելիքներն իրավունք ունեին պատժելու և պարգևատրելու իրենց հպատակներին։ Դատավարության իրավունքը նույնպես նրանց ձեռքին էր։
Մելիքության գյուղերն ունենում էին գյուղացիների կողմից ընտրված
տանուտերեր։ Այդ ընտրությունը հաստատում էր մելիքը։ Տանուտերը հետևում էր գյուղի կարգուկանոնին, հավաքում հարկերը, դատում մանր հանցագործներին։
Զինվորական պարտադիր ծառայություն
չկար, և մելիքները մշտական բանակ չունեին։
Բայց մելիքներից յուրաքանչյուրը` որպես թիկնապահների, իր մոտ մշտապես պահում էր մոտ 300 զինվորի։ Պատերազմի ժամանակ զենք կրելու ընդունակ բոլոր չափահաս տղամարդիկ պարտավոր էին ներկայանալ մելիքին։
Զորքը ղեկավարում էին մելիքի նշանակած հարյուրապետներն ու հազարապետները։