Posted in Հայրենագիտություն

Հայաստանի առաջին հանրապետությունը(1918-1920թթ.)

1918թ. մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո սկսվեց իշխանության մարմինների ստեղծումը։ Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը Հայաստանի խորհուրդը։ Հայաստանի նորանկախ հանրապետության կառավարությունը կազմված էր վեց նախարարից, որոնց թվում էր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր և նշանավոր պետական գործիչ Արամ Մանուկյանը։ Կառավարության առաջին նախագահը (վարչապետը) Հովհաննես Քաջազնունին էր։ Հայոց պետականության ամրապնդման ճանապարհին կարևոր քայլ էր անկախ և միացյալ Հայաստանի հռչակումը։ 1919թ. մայիսի 28-ին Հայաստանի խորհրդի հանդիսավոր նիստում հանրապետության կառավարությունը հայտարարեց անկախ և միացյալ Հայաստանի հռչակման մասին։ Հռչակելով այն՝ կառավարությունը նպատակ ուներ վերականգնել Հայաստանի ամբողջականությունը կատարելով հայ ժողովրդի միահամուռ կամքն ու ցանկությունը։

Հանրապետությունն ուներ իր պետական խորհրդանիշները։ 1918թ. Հայաստանի ազգային դրոշ հաստատվեց եռագույնը` կարմիր,
կապույտ և ծիրանագույն հորիզոնական շերտերով։ 1920թ. հուլիսին կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը, որի հեղինակներն
էին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Օրհներգ դարձավ Միքայել Նալբանդյանի խոսքերով ստեղծված
«Մեր հայրենիք» երգը։ Սահմանվեցին նաև ազգային պետական տոներ և բարձրագույն պետական պարգևներ, շքանշաններ։
Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական կապեր ուներ Պարսկաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի և այլ պետությունների հետ։
Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ երկուսուկես տարի։ Հայտնվելով ծանր իրավիճակում՝ 1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի առաջին հանրապետության վերջին կառավարությունը իշխանությունը կամովին հանձնեց Հայաստանի հեղափոխական կոմիտեին։ Հայաստանը հռչակվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն։

 

Print Friendly, PDF & Email

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով