Posted in Հայրենագիտություն

Կոմիտաս

Ամեն անգամ, որ լսում եմ այս անունը, իմ առջև պատկերանում են մեր անզուգական լեռներն ու մաքուր աղբյուրները, նրանց պաղպաջուն ջրերը։
Այդ ջրերի պես հստակ ու պայծառ է Կոմիտասի երաժշտությունը, որի ակունքները հայ ժողովրդի հոգու խորքերում են։
Կոմիտասը մեր երաժշտության հոգևոր հայրն է։

…1881 թվականն էր։ Էջմիածնի Մայր տաճարի վեհարանում, կաթողիկոսի դիմաց, կանգնած է թախծոտ ու խելացի աչքերով մի տղա։ Ասում են, որ նա որբ է,
նրան բերել են թուրքական հեռավոր հայաշատ քաղաքից՝ Գևորգյան ճեմարան ընդունելու հույսով։ Բայց… բոլոր հարցերին նա պատասխանում է թուրքերեն։ Կաթողիկոսը չգիտե ինչ անել։ Ամեն ինչ փոխվում է, երբ տղան սկսում է երգել։ Նրա զրնգուն, հիասքանչ ձայնը ստիպում է բոլոր ներկաներին հուզվել։ Կաթողիկոսի աչքերից արցունք է կաթում։ Եվ տղան
Սողոմոն Սողոմոնյանը, դառնում է Էջմիածնի հոգևոր ճեմարանի սան։ Դառնալով հոգևորական Սողոմոնը ստանում է 7-րդ դարի բանաստեղծ ու երաժիշտ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Իսկ 1895թ. դառնում է վարդապետ և այնուհետև կոչվում Կոմիտաս վարդապետ։
Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869թ. սեպտեմբերի 26-ին Օսմանյան կայսրության Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա նախնիներն այդ քաղաք էին եկել պատմական Հայաստանի Գողթն գավառից։ Հետաքրքրական է, որ ծագումով այդ նույն գավառից էին նաև հայ մեծ երգահան Արամ Խաչատրյանի նախնիները։ Կոմիտասի հայրը Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր, միևնույն ժամանակ երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով
աչքի էր ընկնում նաև մայրը:
Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյա դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց ուսումը շարունակելու։ Սակայն Կոմիտասին չհաջողվեց ուսումն ավարտել, և չորս ամիս անց նա տուն վերադարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր….
Հայ երաժշտության պատմության մեջ Կոմիտասի վաստակն անգնահատելի է։ Դա կարելի է համեմատել միայն Մեսրոպ Մաշտոցի գործի հետ։ Եթե Մաշտոցի շնորհիվ հայ ժողովուրդն ունեցավ սեփական գիր ու գրականություն, ապա Կոմիտասի շնորհիվ վերագտավ իր սեփական երգն ու երաժշտությունը։ Լինելով հանճարեղ արվեստագետ նա կարողացավ ողջ աշխարհին ապացուցել, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն։ Եվ այդ երաժշտությունը մաքուր է ու զուլալ, ինչպես մեր լեռներից բխող աղբյուրներն ու գետերը, հստակ է ու շիտակ, ինչպես մեր լեռները։ Սարգիս Մուրադյանի՝ Կոմիտասին նվիրված նկարը («Անտունի», 1969թ.) 118 Կոմիտասի մեծագույն ծառայությունն այն էր, որ նա հավաքեց և ուսումնասիրեց շուրջ չորս հազար ժողովրդական երգ, խմբագրեց, մշակեց ու հղկեց դրանք և վերադարձրեց ժողովրդին։ Լսելով «Ծիրանի ծառը», «Կռունկը», «Կալի երգը» և ժողովրդական այլ երգերի կոմիտասյան մշակումները մենք կարող ենք պատկերացնել, թե ինչպիսի վարպետությամբ է դրանք կատարել Կոմիտասը։
Կոմիտասի աճյունը ամփոփված է Երևանում՝ նրա անունը կրող զբոսայգու պանթեոնում։
Կոմիտասի անունն են կրում նաև Երևանի պետական կոնսերվատորիան, մեր մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկը, բազմաթիվ երաժշտական խմբեր հայրենիքում և սփյուռքում։

Print Friendly, PDF & Email

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով