Posted in Հայրենագիտություն

Հայկ և Բել

Հայկ

Հայկ Նահապետը (նաև Հայկ, Հայկ դյուցազն) համարվում է հայոց նահապետը, նախահայրը և ազգապետը։

Անվան ծագման մասին

Հայկ անունը նշանակում է «հսկա», «հաղթանդամ»։ Հայկը դյուցազն է, սերում է դիցերից։  Հայկի մայրն էր Անահիտ դիցուհին, որը երբեմն կոչվում է «մեծն տիկին հայոց», «մեծամայր»։

Բնութագրում

Հայկը հաղթանդամ և վայելչակազմ ռազմիկ է, որսորդ։ Նրա զենքերը՝ թուրը, նետ ու աղեղը օժտված են գերբնական հատկություններով։  Հայոց տոմարի ամսանունները ծագում են Հայկի զավակների անուններից։

Հայկ և Բել

Հայկի կյանքի ամենավառ պատմությունը նրա պատերազմն է բաբելոնյան առաջնորդ Բելի դեմ։  Բելը ինքն իրեն հռչակում է աշխարհակալ և պարտադրում այլոց պաշտել իրեն։ Սակայն Հայկը չի ճանաչում Բելի ինքնակոչ իշխանությունն իր հարազատների և ցեղակիցների վրա։ Բաբելոնում իր անդրանիկ զավակի՝ Արամանյակի (Արմեն) ծնվելուց հետո, Հայկը երեք հարյուր այլ ցեղակից ընտանիքների հետ միասին վերադառնում է Հայք։ Հայրենիք ժամանելուն պես Հայկը բնակություն է հաստատում  Հարք գավառում։ Հարք անունը մեկնաբանվում է որպես «հայրեր», «հայրենիք»:Հարքում Հայկը հիմնում է բնակավայր և անվանում այն Հայկաշեն։

Այդ ընթացքում Բելը, դառնալով Ասորեստանի տիրակալ, մեծ բանակով ներխուժում է Հայք։ Հայկի թոռը զգուշացնում է Հայկին Բելի արշավանքի վերաբերյալ։ Հայկը իր բազմաթիվ զավակներով և թոռներով Հայկաշենից մեկնում է Վան քաղաքը։ Վանից հարավ ընկած գետի հովիտում Հայկը և Բելը իրենց բանակներով դուրս են գալիս միմիանց դեմ։ Հայկն իր բանակը դասավորում է եռանկյունաձև։ Սակայն Բելը, տեսնելով իր զորքի ակնհայտ քանակական առավելությունը, Հայկի փոքրաթիվ ռազմիկների համեմատ, հրամայում է իր զինվորներին ամբոխով անցնել գետը և հարձակվել Հայկի և իր զորախմբի վրա։ Ինքը Բելը խուսափում է մարտից,  բարձրանում մի բլրի վրա, այնտեղից հետևում է մարտին։

Ճակատամարտի ամենաթեժ պահին, Հայկը նկատում է Բելին բլրի վրա, անցնում է գետը և, մոտենալով Բելին, նետահարում է նրան եռաթև նետով։ Քանի որ Հայկի նետը երկաթե ծայր ուներ, իսկ Բելի լաթերը պղնձե էին, Հայկի արձակած նետը անցնում է Բելի լաթերի միջով և մեխում նրան գետնին։ Տեսնելով Բելի մահը՝ նրա զորքը սարսափահար փախուստի է դիմում։

Հայկը հրամայում է ռազմադաշտի մոտ կառուցել ամրոց, որը անվանում է Հայկաբերդ։ Բելի դիակը Հայկը հրամայում է տանել Հարք և, թաղելով Հայկաշենից ոչ հեռու, բլուր դարձնել նրա գերեզմանը՝ ի զգուշացում բոլոր օտարներին, ով կհանդգնի հարձակվել Հայկի հայրենիքի վրա։ Ի հիշատակ Հայկի տարած հաղթանակի և նրա բազբաթիվ արարքների՝ ժողովուրդը անվանում է մեր երկիրը Հայք։

Print Friendly, PDF & Email

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով